Այս տարվա նորաձեւությունը թելադրում է, որ կանայք եւ տղամարդիկ կրեն վառ գույնի հագուստ, հատկապես` ամռանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հարմոնիա» նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար, նկարիչ, մոդելավորող, դիզայներ Միկա Դանիելյանը:

Նրա խոսքով`  նորաձեւության մեջ գարնանը գույները ավելի վառ են դառնում, իսկ երբ մոտենում է ամառը, արդեն ավելի շատ կարող ենք օգտագործել նուրբ, թափանցիկ եւ բնական տարբեր կտորներ: Դիզայները նշեց, որ այս տարի շատ արդիական են բամբակյա կտորները, շիֆոնը, մետաքսը, օգտագործվում են վառ դաջվածքներ:

«Այս տարի նորաձեւ է մի քանի շերտանի հագուստ, երկար փեշերը: Կարող են լինել բալեռոներ` բաճկոններ եւ բամբակյա պիջակներ, որոնք նման կլինեն թե շապիկի, թե պիջակի»,- նշեց նա:

2012թ ամռան հիթ գույներից են դեղինը, գազարագույնը, ծիրանագույնը, երկնագույնը, «կառալի» եւ կարմիրի տարբեր երանգները, «Tiffany»-ի գույնը:

«Տաբատների մեջ նորաձեւ են համարվում են շրջազգեստ-տաբատները, որոնք կլինեն այնքան լայն, որ հեռվից կթվա, թե դա ուղղակի երկար կիսաշրջազգեստ է»,- ասաց Միկա Դանիելյանը:

Այս ամռանը նորաձեւ են ամենատարբեր ձեւերի կոշիկները` բարձրակրունկներ, այսպես ասած «պլատֆորմաներ» եւ այլն: Աքսեսուարների մեջ նախընտրելի են բնական քարերը, ծովային էլեմենտները, իսկ պայուսակների մեջ պահպանվում են նախորդ տարվա տենդենցները, պարզապես գույները պետք է ավելի վառ դառնան, կամ էլ լինեն վառ գույների բաց երանգներ: Նորաձեւ են մեծ ակնոցները եւ ծովային գլխարկները, ըստ որում` ինչքան մեծ, այնքան լավ: Ամռանը վզկապները պետք է լինեն նուրբ մետաքսից կամ շիֆոնից:

Ինչ վերաբերում է տղամարդկանց նորաձեւությանը, ապա այս դեպքում շատ ակտուալ են երկու կողմանի շապիկները, որոնց կոճակները նույնիսկ այնպես են կարված, որ կարողանում են թե ճիշտ, թե թարս երեսից կոճկել եւ արդյունքում երկու կողմ էլ ունի հետաքրքիր տեսք: Արդիական են նաեւ բամբակից, վուշից պիջակները, որոնք կարող են ունենալ վառ դաջվածքներ:

Տղամարդկանց նորաձեւության մեջ շատ տարածված կիպ տաբատները կամաց-կամաց զիջում են իրենց դիրքերը եւ ի հայտ են գալիս երկու գոտիով  լայն բամբակյա, վուշից տաբատները, իսկ գոտիներից մեկը լինում է գոտկատեղին, մյուսը` կոնքերի հատվածում եւ «այնպիսի տպավորություն է, թե ուր  որ է կընկնի տաբատը»:

Միկա Դանիելյանը բացեց նաեւ քիչ գումարով նորաձեւ հագուստ ընտրելու գաղտնիքը: Նա ամառային զգեստապահարանը թարմացնողներին, ովքեր մեծ գումարներ չունեն, խորհուրդ է տալիս ընտրել դասական հիմք` տաբատ, շրջազգեստ, եւ այն կրել վառ գույների ամենատարբեր վերնաշապիկների, պիջակների, բլուզների հետ:

«Դասական հագուստը պետք է լինի վառ գույների մեջ, դա գործարար ոճը չէ: Պետք է գտնել այնպիսի բաներ, որոնք լինեն դասականի մեջ, քարիկներ չլինեն, գրված չլինի, կլինի միատոն, շատ հանգիստ, օրինակ` սովորական բլուզ, որը կարողանալ համադրել ամեն ինչի հետ»,- ասաց դիզայները: