Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում հաշվառված եւ փաստացի Երեւանում բնակվող տաքսու վարորդ Կամո Բունիաթյանը, ով դանակահարել էր մարմնավաճառուհու, մայիսի 5-ին հայտնաբերվել եւ կալանավորվել է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկացրեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով:
NEWS.am-ին որոշ մանրամասներ հաջողվեց պարզել: Դեպքից առաջ Կամոն մի մարմնավաճառուհու է սպասարկում` հընթացս մոտիկից ծանոթանալով նրա հետ: Օրեր անց տաքսու վարորդը երկրորդ անգամ է մոտենում տվյալ մարմնավաճառին` առաջարկելով գնալ մոտակա գյուղ` տատի տանից ինչ-որ բան բերելու, միաժամանակ խոստանալով, որ ճանապարհին նաեւ մարմնավաճառի ծառայությունից կօգտվի: Էջմիածին ուղեւորվելիս ճանապարհին մեքենան Կամոն կանգնեցնում է ամայի տարածքում: Օգտվելով մարմնավաճառի ծառայությունից` նա հրաժարվում է կատարել կնոջ պահանջը եւ վճարել, նախ ծեծում է նրան, հետո դանակով 3 հարված հասցնում: Դանակի շեղբը թողնելով աղջկա մարմնի մեջ Կամոն փախուստի է դիմում: Տուժածը մի կերպ սողալով հասնում է մոտակա բնակավայրերից մեկի տուն եւ օգնություն խնդրում: Վիրահատությունից հետո հաջողվում է փրկել նրա կյանքը, իսկ տեղի բնակիչները դեպքի մասին ահազանգում են ոստիկանությանը:
Մինչ իրավապահները փնտրել են Կամոյին, նա իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով էր, իսկ «ՎԱԶ-2102»-ը հասցրել էր մասնատել ու վաճառել, սակայն ոստիկանության ՔՀԳ վարչության, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում հաջողվել է Կամո Բունիաթյանին բերման ենթարկել:




























