Արդեն 3 օր է, ինչ Տաշիրի տարածաշրջանի Միխայլովկա համայնքում կարկուտ է գալիս, ինչը լուրջ վնաս է հասցրել համայնքի ցանքատարածություններին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Միխայլովկա համայնքի ղեկավար Լեւոն Դիլբարյանը պատմեց, որ այս տարվա առաջին կարկտահարությունը գրանցվել է մայիսի 17-ին ու ամեն օր շարունակվում է:

«Հենց հիմա էլ գյուղում կարկուտ է գալիս, ամեն օր մոտավորապես 40 րոպե տեւողությամբ: Բերքի մեծ մասը համարյա ոչնչացել է»,-ասաց նա:

Գյուղապետի փոխանցմամբ, իր հաշվարկներով վնասվել է բերքի գրեթե 70 տոկոսը: Միխայլովկա համայնքում հակակարկտային կայաններ չկան, սակայն գյուղապետը հույս ունի, որ այս տարի գոնե մեկ կայան կտեղադրվի:

960 բնակիչ ունեցող Միխայլովկա համայնքում զբաղվում են ինչպես հողագործությամբ, այնպես էլ անասնապահությամբ: Տարվա այս սեզոնին բնակչության 30 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, քանի որ աշխատատեղեր գյուղում չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` մայիսի 21-ին ժամը 15:20-ի սահմաններում տեղացած կարկուտից վնասվել է շուրջ 220 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ: Տարածքը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: