Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարցաքննվել են համացանցում հայտնված տեսանյութում իրար դաժանաբար ծեծող աշակերտուհիներն ու նրանց կռվին թամաշա անող դասընկերներից երեքը: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, տղաները կտրականապես հերքել են, թե իրենք են նկարել տեսանյութը, իսկ երեք աղջիկները խոստովանել են կռվի փաստն ու զղջացել են, որ տեսանյութը հայտնվել է համացանցում, իրենք էլ խայտառակ են եղել:
Միջադեպը տեղի է ունեցել 2011թ. ապրիլին: Վեճն սկսվել է Աջափնյակի թիվ 102 դպրոցի դասարանում, ապա շարունակվել է դպրոցի բակում: Ծեծի ենթարկված աղջիկն անցած տարի ավարտել է դպրոցը, իսկ ծեծողը դեռ սովորում է այդ դպրոցում: Նա ոստիկանությունում հայտնել է, թե ավագ դասընկերուհին վիրավորել է իր մորը, եւ դա էլ վեճի պատճառ է դարձել, սակայն ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ, ծեծը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել տղաներից մեկի համար:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին ոստիկանության լրատվության վարչությունից, Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ հայտնել էր, թե դեռահասները սովորում են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող թիվ 102 դպրոցում:
Ավելի վաղ NEWS.am-ն անդրադարձել է այդ միջադեպին:




























