Հայաստանում առաջին քայլերն են արվում փոքր եւ միջին քիմիայի զարգացման ուղղությամբ: Մասնավորապես` ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել եւ կառավարությանն է ներկայացրել Հայաստանում փոքր եւ միջին քիմիայի զարգացման միջոցառումների ծրագիր` 2 տարվա կտրվածքով:
Փաստաթղթի առկայության փաստն ինքնին դրական է, սակայն իր ամբողջականությամբ եւ խորությամբ աչքի չի ընկնում: Հստակ չէ նույնիսկ «փոքր եւ միջին քիմիա» հասկացության սահմանումը: Խոշոր եւ միջին քիմիայի տարանջատման հիմքում դրվել է միայն արտադրության ծավալը, այն էլ` մոտավոր գնահատականներով (գրամներից մինչեւ մի քանի տասնյակ տոննա): Նշենք, որ միջազգային պրակտիկայում միասնական դասակարգումներ չկան, սակայն չափանիշներն ավելի բազմազան են` ներառելով վտանգավորությունը, մաքրությունը, արտադրության պայմանների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Իսկ տոննաժի առումով առավել տարածված դասակարգումը հետեւյալն է. փոքր եւ միջին քիմիան ունի մինչեւ 1000 տոննա տարեկան արտադրողականություն, ընդ որում` փոքր քիմիան ունի մինչեւ 10 տոննա տարեկան արտադրողականություն:
Սակայն փոքր եւ խոշոր քիմիայի տարբերությունը շատ ավելի սկզբունքային է: Խոշոր քիմիան մասնագիտանում է միատեսակ արտադրանքի երկարատեւ թողարկման մեջ, սակայն մեծ ծավալներով: Օրինակ` քլորոպրենային կաուչուկ կարելի է արտադրել տասնյակ տարիներ շարունակ միունույն գործարանում: Փոքր քիմիան այդպիսի շքեղություն իրեն թույլ տալ չի կարող, քանի որ ունի շատ լայն եւ արագ փոփոխվող տեսականի: Հետեւաբար` փոքր քիմիան շատ ավելի զգայուն է գիտության եւ տեխնոլոգիաների նվաճումների նկատմամբ, աչքի է ընկնում իր գիտատարությամբ, սակայն նաեւ եկամտաբերության շատ ավելի բարձր աստիճանով: Ի տարբերություն խոշոր քիմիայի` փոքր քիմիայի բնագավառում կարող են հաջողություն արձանագրել միայն այն երկրները, որոնք ունեն բավական զարգացած գիտատեխնիկական բազա: Փոքր քիմիայի արտադրատեսակներից են` դեղամիջոցներ, վիտամիններ, ներկանյութեր, ֆոտոնյութեր, շինանյութեր, էլեկտրոնիկա եւ այլն: Այսինքն` դրանք կենցաղում շատ հայտնի եւ լայնորեն օգտագործվող արտադրատեսակներ են:
Ոլորտում ձեւավորված աշխատանքի համաշխարհային բաժանման առանձնահատկություններից մեկն այն է, որ ճանաչված ֆիրմաները հիմնականում գնում են գիտատար արտադրանքն այն երկրներից, որտեղ առկա է լուրջ գիտատեխնիկական ներուժ, արհեստավարժ կադրային ռեսուրսներ: Հայտնի բրենդներից շատերը արտադրանքը գնում են երրորդ երկրներից ու սպառողին հասցնում իրենց ֆիրմային մակնշմամբ:
Ըստ այն հայեցակարգի, որ ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանը ցանկանում է փոքր քիմիայի բնագավառում հանդես գալ վերջնական արտադրանքով, որն ավելի եկամտաբեր է: Դրա համար հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ հանրապետությունն ունի քիմիական գիտության ավանդական բարձր մակարդակ: Առնվազն 4 բուհ քիմիայի ոլորտում կադրեր են պատրաստում (Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը): Բացի այդ` առնվազն 7 գիտահետազոտական ինստիտուտներ իրականացնում են հետազոտական աշխատանքներ, նրանց ստեղծած նոր նյութերն ու տեխնոլոգիաներն արդիական են, չեն զիջում, իսկ որոշ դեպքերում նաեւ գերազանցում են միջազգային չափանիշները եւ ունեն առևտրայնացման բարձր ներուժ: Գերխնդիրը կրթության եւ գիտության նախարարությունում տեսնում են նրանում, որ այդ մշակումների առեւտրայնացման աստիճանը ցածր է, չի գործում պատվերների համակարգը: Սակայն այս պահի դրությամբ որեւէ կոնկրետ լուծում չի առաջարկված, ընդամենը խոսք է գնում ոլորտի կարողությունների գնահատման մասին: Առաջարկություն կա նաեւ «Նյութաբանության ինստիտուտի» եւ «Պլաստպոլիմեր»-ի համար մշակել առանձին հայեցակարգեր:
Թե երբ Հայաստանը կիրացնի իր ներուժը` այնքան էլ պարզ չէ, թեեւ սա այն ոլորտներից է, որտեղ դանդաղկոտությունը հավասարազոր է ոչինչ չանելուն:
Սամվել Ավագյան




























