Մայիսի 22-ին առավոտյան տեղացած հորդառատ անձրեւներից եւ մոտ 20 րոպե տեւած կարկուտից հետո Կապանում մի շարք փողոցներ դարձել են դժվարանցանելի:
Ինչպես Կապանից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, իրավիճակը կտրուկ վատացել է երեկոյան ուժեղ տեղացած անձրեւից հետո, երբ Վաչագան գետը դուրս է եկել իր հունից եւ ամբողջությամբ հեղեղել քաղաքի կենտրոնական Մ. Ստեփանյան փողոցը՝ իր հետ բերելով մեծ քանակությամբ քարեր. Գետը հեղեղել է ափամերձ առանձնատները կապող կամուրջները եւ անանցանելի դարձրել մարդկանց տեղաշարժն ու ավտոմեքենաների երթեւեկությունը: Այս պահի դրությամբ Մ. Ստեփանյան փողոցով երթեւեկությունն անհնարին է:
Նշենք, որ երեկ անձրեւը վնասել է նաեւ Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի եւ Կապան քաղաքի պտղատու այգիներն ու ցանքատարածությունները: Շվանիձորում փլվել է 2 տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր:




























