Կապանում մայիսի 22-ին տեղացած հորդառատ անձրեւների եւ մոտ 20 րոպե տեւած կարկուտի հետեւանքների վերացման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր:

Կապանի տարբեր փողոցների մաքրման աշխատանքների եւ Վաչագան գետի հունն ուղղելու աշխատանքներին ներգրավվել են պատկան մարմինների բազմաթիվ աշխատակիցներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապանում մայիսի 22-ին տեղացած հորդառատ անձրեւների եւ մոտ 20 րոպե տեւած կարկուտի հետեւանքով Կապանում մի շարք փողոցներ դարձել են դժվարանցանելի: Ջրհեղեղը քանդել է ափամերձ տները կապող 4 կամուրջ եւ լցվել մոտակա շենքերի ներքնահարկերը` պատճառելով մեծ վնաս:

Ինչպես Կապանից հայտնել էր NEWS.am-ի թղթակիցը, իրավիճակը կտրուկ վատացել է երեկոյան ուժեղ տեղացած անձրեւից հետո, երբ Վաչագան գետը դուրս է եկել իր հունից եւ ամբողջությամբ հեղեղել քաղաքի կենտրոնական Մ. Ստեփանյան փողոցը՝ իր հետ բերելով մեծ քանակությամբ քարեր. Գետը հեղեղել է ափամերձ առանձնատները կապող կամուրջները եւ անանցանելի դարձրել մարդկանց  տեղաշարժն ու ավտոմեքենաների երթեւեկությունը:

Նշենք, որ երեկ անձրեւը վնասել է նաեւ Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի եւ Կապան քաղաքի պտղատու այգիներն ու ցանքատարածությունները: Շվանիձորում փլվել  է 2 տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր: