Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2 դատական հայցերի ուսումնասիրության արդյունքում որոշումը Թուրքիայի հանրապետության դեմ է կայացրել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ի 2 որոշումները կապված են եղել Թուրքիայում մինչ դատական գործընթացի ավարտը կալանքի ժամկետների չափից ավել երկար լինելու հետ։

Դատարանը բավարարել է տարբեր հանցանքների համար 2011-ին ցմահ դատապարտված Մեհմեդ Հասդեմիրի հայցը եւ պարտավորեցրել Թուրքիային՝ նրան վճարել 11 հազար 900 եվրո փոխհատուցում։ Դատարանի մյուս որոշմամբ բավարարվել է օրենքից դուրս գործող ձախ հայացքներով մի կազմակերպության անդամ լինելու մեղադրանքով դատապարտված Հաթիջե Դումանի հայցը՝  10 հազար 800 եվրո փոխհատուցման պահանջով։

Նշվում է, որ այս պահին ՄԻԵԴ-ի օրակարգում է նմանատիպ 330 դատական հայց։ ՄԻԵԴ-ը ժամանակավոր դադարեցրել է նմանատիպ հայցերի ընդունումը, քանի որ թուրքական իշխանությունները խոստացել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհով լուծել կալանքի տակ երկար մնալու խնդիրը։