Թիվ 102 դպրոցի մոտ տեղի ունեցած դեռահաս աղջիկների ծեծկռտուքի դեպքը, որի տեսանյութը տարածվել էր համացանցում, բացահայտվել է երեկ` մայիսի 22-ին, ներկայումս ընթանում է նախաքննություն: Այդ մասին, այսօր` մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, գնդապետ Նելլի Դուրյանը: Նրա խոսքով, դեպքի հետ կապված նոր հանգամանքներ ի հայտ գալուն պես, իրենք կտեղեկացնեն:

Հարցին, թե ծեծկռտուքի մասնակից աղջիկներին ինչ պատիժ է սպասվում, նա պատասխանեց, որ նախ տեղի ունեցածում առկա են խուլիգանության տարրեր, ապա հավելեց, որ չի կարող ասել, թե ինչ պատժի կարժանանան, քանի որ ընթանում է նախաքննություն, բայց աղջիկներն անպայման հաշվառման կվերցվեն:

Ինչ վերաբերում է նմանատիպ մյուս տեսանյութերին, Ն. Դուրյանն ասաց, որ դրանք դեռ ուսումնասիրվում են, նոր բան չկա:

Հարցին, թե նմանատիպ դեպքերը վերջին շրջանում ավելացե՞լ են, թե հասարակությունն է սկսել ավելի շատ խոսել դրա մասին, նա արձագանքեց, որ հակված է երկրորդ տարբերակին եւ համոզմունք հայտնեց, որ աղջիկների կողմից նման վարքագիծը շատ հազվադեպ է հանդիպում:

«Ընդհանուր առմամբ, նման դեպքերը բացահայտելու եւ կանխելու նպատակով, միայն ոստիկանության գործողությունները քիչ են, անհրաժեշտ է սերտ համագործակցություն դպրոցի եւ ծնողների հետ, որպեսզի կարողանան փոխել երեխայի վարքագիծը: Դրա համար բարի կամքի դրսեւորումներ են պետք»,-ընդգծեց Նելլի Դուրյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի որոշ դեռահաս աղջիկների վարքի, մակարդակի մասին վկայող արդեն 3 տեսահոլովակ է հայտնվել համացանցում։ Դրանցից մեկը նկարահանվել է Երեւանի թիվ 102 դպրոցի բակում, որտեղ դպրոցահասակ աղջիկները անպատվում են իրար ամենալկտի հայհոյանքներով, ապա ծեծում իրար, իսկ նրանց կողքին գտնվող տղաները որոնցից շատերի հասակը դեռ կարճ է աղջիկներից, կողքից հրճվում են։ Դա շարունակվում է 4 րոպեից ավելի։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի