Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը եւ Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր:

Գերմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես,  հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը եւ նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը:  

Քրիստոֆ Գաբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում եւ հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել  Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին  տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին: