Քաղաքացի Կարինե Ավետիսյանի որդուն 2011թ ապրիլի 28-ին ձերբակալել են, իսկ մեկ տարի անց Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «մի փոքր ծեծկռտուքի մասնակցելու պատճառով» դատապարտել 4 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կարինե Ավետիսյանը: Դրանից հետո մայիսի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանում կայացած եւ 10 րոպե տեւած նիստին որոշվել է այդ դատավճիռը թողել ուժի մեջ: Նրանք պատրաստվում են դիմել նաեւ Վճռաբեկ դատարան, որից հետո` Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Իսկ նրա որդուն դատել են 2011թ ապրիլի 5-ին տեղի ունեցած մի դեպքի պատճառով:
«Որդիս` Արթուր Մովսիսյանը իր հորեղբոր որդու եւ զուգահեռ դասարանի տղաների հետ տեղի ունեցած վեճը հարթելու նպատակով գնում է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 53 շենքի բակ, որտեղ նրան արդեն սպասում էին մի շարք տղաներ: Այստեղ կռիվ են հրահրում` որդուս վիրավորելով»,- NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակում նշել է ծնողը:
Դրանից հետո Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունիի քննչական բաժնում քրօր-ի 258 հոդված 4-րդ մասով հարուցվում է քրեական գործ: «Նախաքննության ընթացքում բոլոր փաստերը աղավաղվում են, կազմակերպիչները հանդես են գալիս որպես տուժողներ, իսկ իրական տուժողը` իմ որդին` որպես կասկածյալ: Ինպե՞ս կբացատրեք այս հանգամանքը, միթե պարզ չէ, որ քննիչը աղավաղելով բոլոր փաստերը ամբողջ մեղքը բարդում է իմ որդու գլխին, արդյունքում որդիս ձերբակալվում է որպես կասկածյալ, եւ մեղադրանք է առաջադրվում ՀՀ քր. օր-ի 258 հ-ի 4-րդ մասով: Ո՞րն է իմ որդու մեղքը, չէ՞ որ նրա միակ նպատակը եղել է միեւնույն դպրոցում երեխաներին հաշտեցնելը»,-նշել է Կարինե Ավետիսյանը:
Ծնողի կարծիքով` դատաքննության ընթացքում դատախազի կողմից քողարկվել են ձեռք բերված մի շարք ապացույցներ, դատարանում չի ներկայացվել փորձագետի դատաբժշկական եզրակացությունը իր որդու գլխին հասցված բաց վերքի վերաբերյալ:
«Վկաների մի մասը հրաժարվել են իրենց նախնական ցուցմունքներից, պատճառաբանելով, որ ավագ քննիչ Բ. Եղիազարյանը իրենց առավոտից մինչեւ երեկո սոված-ծարավ պահել է ոստիկանությունում եւ ստիպել կեղծ ցուցմունքների տակ ստորագրել: Գործի որակավորման համար հիմք հանդիսացող մահակն այդպես էլ չհայտնաբերվեց, նույնիսկ գործով տուժողը, որին իբր մահակով ծեծել էր որդիս, դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ իրեն ոչ ոք մահակով չի ծեծել եւ ինքը մահակ չի տեսել: Այդ փաստը նաեւ հիմնավորվում է դատաբժշկի կողմից տրված չորս եզրակացություններով, որոնցում նշվում է, որ տուժողներն ստացել են թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ քերծվածքի տեսքով, միթե հնարավոր է 20-30 տարեկան մի քանի հաղթանդամ տղաներ երկաթե մահակովներով 15-20 րոպե ծեծի ենթարկեն անչափահաս երեխաների եւ նրանք ընդամենը ստանան, ըստ դատաբժշկական եզրակացության, թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ քերծվածքի տեսքով, իսկ վկաներ Ամալյա Հակոբյանը եւ Գայանե Խաչատրյանը, որոնք իբր տեսել են, որ մարդիկ մահակներով եւ մետաղյա ձողերով կռիվ են անում, չնշելով իհարկե, թե ում ձեռքին են եղել այդ առարկաները, անհիմն պատճառաբանություններով այդպես էլ դատարան չներկայացան, նույնիսկ դատավոր Գաբրիելյանի կողմից կոպիտ խախտումներ եղան, նա վճռի հիմքում դրեց մի ապացույց, որը իր կողմից հանվել էր ապացույցների շարքից»,- նշել է ծնողը` հավելելով, որ քննիչն ու դատախազը նույնիսկ հայտարարել են, որ այս գործով ինչ-որ մեկը պետք է նստի, եւ այդ մեկն իր որդին է:
Արդեն 13 ամիս է ինչ նրա որդին գտնվում է ազատազրկման վայրում` թողնելով իր երկու 3 եւ 6 տարեկան անչափահաս երեխաներին, կնոջը, մորը եւ հիվանդ տատին բախտի քմահաճույքին, իսկ նա հանդիսանում էր միակ կերակրող ձեռքը:
«Մենք նույնիսկ բնակարան չունենք, ապրում ենք վարձով, եւ գոյատեւելու միակ միջոցը իմ ստացած չնչին թոշակն է, որը ստանում եմ որպես զոհված ազատամարտիկի կին: Սրա՞ն էինք արժանի մենք, չէ որ ամուսինս իր հերթին թողնելով երկու անչափահաս երեխաներին, իր կյանքը նվիրեց հայրենիքի պաշտպանությանը, իսկ այդ նույն հայրենիքը իր որդու հանդեպ նման անարդարացի վերաբերմունք դրսեւորեց, նրան փակելով 4 պատերի ներսում»,- գրել է Կարինե Ավետիսյանը:




























