Թերթը գրում է, որ ՀՀԿ գրասենյակում նախօրեին բռնկված հրդեհի պատճառով բավական վնասվել է Սերժ Սարգսյանի աշխատասենյակը: Բանն այն է, որ մինչ հրշեջները կհանգցնեին շենքի կտուրի ճակատային մասի հրդեհը, կրակն անցել էր տանիքի՝ Ս.Սարգսյանի աշխատասենյակի հատվածին ու մի լավ բոցկլտում էր:

Կրակը հանգցնելու համար այնքան ջուր են լցրել, որ արդյունքում, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Ս. Սարգսյանի աշխատասենյակի գույքը գրեթե ամբողջությամբ վնասվել է: Հրդեհի հետեւանքով վնասվել է նաեւ երրորդ հարկում գտնվող դահլիճը, որտեղ սովորաբար անցկացվում են ՀՀԿ ԳՄ նիստերը: Ըստ մեր աղբյուրների՝ ՀՀԿ-ն այսօր չի կարողանալու այնտեղ ԳՄ նիստ անցկացնել, ու հիմա նրանք տարբերակներ են մտմտում:

Չի բացառվում, որ այս անգամ ԳՄ հերթական գիշերային նիստն անեն կիսանկուղային մեծ դահլիճում: Երեկ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Վաղը զանգեք, կասենք՝ որտեղ ենք անելու նիստը»,- գրում է թերթը: