Բնապահպաններն ու ակտիվիստները այսօր բողոքի ակցիա և քայլերթ են իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ մեկնարկել է COP17 համաժողովը։
Այսկերպ նրանք փորձել են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ամուլսարի հանքի բացման բնապահպանական ռիսկերի վրա։
Ակցիայի ընթացքում իրավապաշտպան Մայա Բարխուդարյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ բանախոսներից մեկին թույլ չեն տվել մտնել Կանաչ գոտի, որտեղ նրա ելույթն էր նախատեսված եղել, այն բանի համար, որ բանախոսը հագած է եղել «SAVE AMULSAR» գրությամբ շապիկ։
Մասնակիցները եկել էին «Ամուլսար, միայն սար», «Պահպանեք մեր ջուրը» և «Մեր ոսկին Ջերմուկն է» պաստառներով:
Ակցիայի կազմակերպիչները հայտարարեցին, որ հաջորդ քայլը լինելու է վաղը՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին: Նրանք հավաքվելու են Ֆրանսիայի դեսպանատան մոտից՝ նամակներ բաժանելու և դիվանագիտական կառույցների ուշադրությունը խնդրին հրավիրելու նպատակով:



























