Ադրբեջանցի քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովը կարծում է, թե Թուրքիայի կառավարությունը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, սխալվել է ինչպես քրդական հարցում, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Նրա խոսքով, քրդերի ու ոստիկանության միջեւ Թուրքիայում վերջին բախումները ցույց տվեցին, որ այդ երկրի քաղաքականության մեջ լուրջ տարաձայնություններ կան, եւ քրդական ու հայ-թուրքական հարցերում Էրդողանը սխալվել է: «Նա այդպես էլ չկարողացավ գնահատել ռեալ իրադրությունը»,- նշել է նա:
Քաղաքագետի խոսքով, ինքը մեծ կասկածներ ունի հայ-թուրքական արձանագրությունների վավերացման վերաբերյալ. «Այդ արձանագրությունները խորհրդարանում անցկացնելու համար կառավարող կուսակցության ձայները բավարար չեն, անհրաժեշտ է ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը, որոնք ծայրահեղ բացասական են գնահատում արձանագրությունները: Ավելին, դրանք ծայրահեղ բացասական են գնահատում նաեւ կառավարող կուսակցությունում: Թուրքիայում որոշ ուժեր կարծում են, որ Ադրբեջանը չի արձագանքի այդ գործընթացին, բայց ամեն ինչ ստացվեց հակառակը: Ադրբեջանը շատ կոշտ եւ սկզբունքային կերպով հանդես եկավ այդ արձանագրությունների դեմ՝ այս կերպ ավելի շատ ուժերի համախմբելով բուն Թուրքիայի ներսում: Այնպես որ հայերը վաղ էին ուրախանում այդ արձանագրությունների ստորագրմամբ եւ հերթական անգամ սխալվեցին»:



























