Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբ» հենակետում ապրիլի 18-ին հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող 22-ամյա Զորիկ Մարգարյանը մահացել, իսկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը վիրավորվել է, ամենայն հավանականությամբ, հակառակորդի կրակոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զորիկ Մարգարյանի եղբայրը` Գարիկ Մարգարյանը, հավելելով, որ դրան է տանում նշանակված քննության ընթացքը:

Նրա խոսքով, այդ վարկածը միանշանակ կհաստատվի կամ կհերքվի գործի քննության վերջնական փուլում: Ներկա պահին ընթացքի մեջ է քննության վերջին փուլը` զենքի փորձաքննությունը:

Հարցին, թե իրենք հավատո՞ւմ են այդ վարկածին, Գ. Մարգարյանը պատասխանեց. «Դե փաստեր են բերում, չենք կարող չհավատալ: Մնացել է քննության վերջին փուլը` զենքերի քննությունը, որից հետո նոր վերջնականապես հնարավոր կլինի պատասխան տալ: Եթե դա էլ հաստատի, որ կրակոցը հակառակորդի կողմից է եղել, ապա մենք այդ վարկածին չհավատալու ոչինչ չունենք»,- նշեց Գարիկ Մարգարյանը:

Իսկ վիրավորված Կարեն Մովսիսյանի հետ խոսե՞լ եք եւ նա հաստատե՞լ է այդ վարկածը, հարցին էլ արձագանքեց. «Ինքը տեսել է, որ մարդ է, բայց չգիտի հակառակորդ է եղել, թե` ոչ: Բայց մտածում է, որ հակառակորդն է եղել, քանի որ կրակոցը հակառակորդի կողմից է եղել` այդ կողմից է մարդ կանգնած եղել»:  Գ. Մարգարյանի ներկայացմամբ, մեկ շաբաթ հետո նոր հնարավոր կլինի միանշանակ պատասխան տալ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Մեհրաբ» զորամասում սպանված 21-ամյա Զորիկ Մարգարյանը կարող էր չծառայել բանակում, քանի որ քաշն ու հասակը չէին համապատասխանում, սակայն նա ինքն է ցանկացել գնալ բանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնել էր Զորիկի մայրը` Ալվինա Մարգարյանը: «Վերջին անգամ էլ եկավ թոռնիկիս քառասունքի օրը: Ճանապարհ դնելուց հետո ապրիլի 17-ին զանգահարեց ինձ ու երբ իմացավ, որ եղբայրը պետք է գնա Ռուսաստան, ասաց. «Չմտածես, մնաց 69 օր»: Հետո ասաց, որ ապրիլի 18-ին էլի կզանգի, բայց այդպես էլ չզանգեց»,-պատմել էր մայրը:

Իսկ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը: Եւս մեկ ժամկետային զինծառայող` 22-ամյա Կարեն Մովսիսյանը, ծանր վիրավորվել է: Նրանք երկուսն էլ զորակոչվել էին Արաբկիրի զինկոմիսարիատից 2010թ. գարնանը եւ առաջիկայում պետք է զորացրվեին: Առայժմ հայտնի չէ զինվորների մահվան ստույգ պատճառը: Մինչ օրս չի նշվում, թե տղաները հրազենային վնասվածքները հակառակորդի՞ գնդակից են ստացել, թե ծառայակիցների: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն: Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Տեղեկություններ տարածվեցին նաեւ, թե այդ գործով ձերբակալվել է դասակի հրամանատար, հենակետի ավագ լեյտենանտ Լենտուշ Գրիգորյանը, ով Բագրատաշեն գյուղի բնակիչ է, սակայն Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը