«Արայ» ընկերության սեփականատեր, հոկտեմբերի 16-ին «ինքնասպանություն» գործած Արմեն Պետրոսյանի գործը հայտնի տեսանյութի ի հայտ գալուց հետո, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը, նրա մոր պահանջով, Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն, սակայն մինչ օրս որեւէ լուրջ առաջընթաց չկա: NEWS.am-ի հարցմանը, թե շարունակո՞ւմ է հիմնական համարվել ինքնասպանության վարկածը, թե այլ հիմնավոր վարկածներ են ի հատ եկել, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ նախաքննությունը շարունակվում է եւ ոչինչ ավելին ասել չեն կարող:
Ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին նաեւ, որ Արմեն Պետրոսյանի մոր` Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզումը եւս շարունակվում է:
NEWS.am-ը դիմեց նաեւ Արաբկիր վարչական շրջանի դատարան, որտեղ քննվում է մահացածի դստեր` 5-ամյա Կարինե Պետրոսյանի խնամակալության հարցը, որտեղ այստեղ նշեցին, որ հայցվոր կողմը Կարինե Սուքիասյանը պահանջում է հարսին` Տատյանա Չադենկովային զրկել երեխայի խնամակալությունից, սակայն մայիսի 11-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է կողմերի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Կարինե Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ քրգործ հարուցվել քրեական օրենսգրքի 167 հոդվածի հատկանիշներով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելու հատկանիշներով: Սույն հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Հայաստանը լքել է նաեւ Արմեն Պետրոսյանի քույրը` Արմինե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս դեկտեմբերին, երբ Արմեն Պետրոսյանի կինը` Տատյանա Չադենկովան Հայաստանում էր, NEWS.am-ի հետ զրույցում ասել էր.« Ես ուզում եմ տեսնել աղջկաս` Կարինային, շփվել սկեսուրիս հետ, սակայն դեռ չի ստացվում: Ներկա պահին զբաղվում եմ փաստաթղթերով, ինչում ինձ ակտիվ օգնում է Ռուսաստանի դեսպանատունը: Ես գիտեմ, որ լավ մայր եմ: Ես ուրիշ ոչ մի բանով չեմ ապրել, բացի իմ երեխային վերցնելու պայքարով: Բոլոր դատերը շահել եմ, իմ երեխային միշտ հիշում եմ, իրենով ապրում ու շնչում: Բայց չեմ կարողանում մոտենալ իմ երեխային, քանի որ նրան զինված թիկնազոր է ուղեկցում, նույնիսկ մանկապարտեզ տանելուց».- ասել էր Տատյանան:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հոկտեմբերի 16-ին, Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված է «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էր «Արայ»-ի սեփականատեր 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով: Նրա աջ ձեռքին` մատը ձգանին եղել է «ՏՏ» տիպի ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով: Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասի (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) եւ 235 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Իսկ վերջերս հայտնվեց մի տեսանյութ, որով կասկածի տակ դրվեց ինքնասպանության վարկածը եւ գործը փետրվարի 27-ին Կոտայքի քննչական բաժանմունքից տեղափոխվեց ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























