Երեւանի «Էլեկտրոն» գործարանի տարածքում մայիսի 29-ին տեղի ունեցած պայթյունի եւ փլուզումների դեպքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ:

Խմբի կազմում ընդգրկվել են Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատակիցներ:

Նշենք, որ մայիսի 29-ին, ժամը 14.48-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Շարուրի 37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն եւ փլուզում, ինչի հետեւանքով փլատակներում կա երկու մարդ:

Դեպքի վայր  էին մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:  Փրկարարները փլատակներից դուրս էին բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ժամը 17.08-ին փրկարարները փլատակներից դուրս էին բերել մյուս տուժածի` 64-ամյա Ադիբեկ Բարսամյանի մարմինը։ Բժիշկները հաստատել էին նրա մահը։ Ավելի ուշ մահացել էր նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ջանիբեկ Մարտիրոսյանը: