Կիեւյան կամրջից ապրիլի 18-ին իրեն ցած նետած Եղեգնաձորի Շատին գյուղի բնակիչ 20-ամյա Ս.Ս-ի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ`  ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննությունը շարունակվում է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեւյան կամրջից, ապրիլի 18-ին, իրեն ցած նետած 20-ամյա Ս.Ս-ն Եղեգնաձորի Շատին գյուղից է։ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ ինքնասպանություն գործածի ընտանիքը միջին պայմաններում է ապրում, ծնողները հողագործությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում։ Նրանց ընտանիքում 4 երեխա են, ավագ քույրերը ամուսնացած են, եղբայրը Մոսկվայում է, իսկ ինքնասպանություն գործածն աշխատում էր քաղցրաբլիթի արտադրամասում։

Գյուղում նրա ինքնասպանություն գործելու մասին մի շարք վարկածներ են շրջանառվում։ Տեղեկություններ կան, որ նա ընկեր ուներ, նույնիսկ պատրաստվում էր նշանվել։ Ըստ տարածված խոսակցությունների՝ աղջիկը հնարավոր է հղի է եղել, ինչն էլ, երեւի ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել, թեեւ, գյուղապետի խոսքով, սրանք ընդամենը խոսակցություններ են, բամբասանքներ եւ ամեն բան ցույց կտա նախաքննության ընթացքը։ Մամիկոն Սմբատյանի խոսքով, նրա՝ Երեւանում ապրող քույրն ասել է, որ քույրը Կիեւյան կամրջի տեղն էլ չգիտի, եւ ենթադրվում է, որ նրան ստիպել են ինքնասպանություն գործել։

Իսկ աղջկա հայրը՝ Սլավիկ Սարգսյանն ասել էր, թե աղջկան իրականում սպանել են ու գցել քարերի վրա, որովհետեւ անձնագիրը պատռված է եղել, իսկ դրամապանակը դատարկ կախված է եղել ծառից:

Սրանք ընդամենը խոսակցություններ են, իսկ թե իրականում ինչից է մահացել աղջիկը, ցույց կտա դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որից հետո միայն կարելի կլինի խոսել այս գործի մանրամասների մասին: Իսկ առայժմ անգամ քրեական գործ չի հարուցված: