Ջերմային գազերի արտանետումների սահմանափակման նոր համաձայնագիրը Կիոտոյի արձանագրության փոխարեն պետք է ստորագրվի այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կոպենհագենում կայանալիք ՄԱԿ գագաթաժողովի ընթացքում:
Միջոցառմանը մասնակցում են ողջ աշխարհի 193 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները հաղորդում են որոշակի դժվարությունների մասին՝ ջերմային գազերի արտանետումների վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրման ընթացքում: BBC-ի տվյալներով, արդյունաբերական զարգացած եւ զարգացող երկրների դիրքորոշումները այնքան հեռու են, որ բանակցային գործընթացը գտնվում է ձախողման շեմին: Բանն այն է, որ ԵՄ-ի առաջարկած սահմանափակումները բխում են զարգացող երկրների՝ Չինաստանի գլխավորությամբ, շահերից,նաեւ ածխաթթվային արտադրանք թողարկող երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերից:
Սրվել են նաեւ հակասությունները ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են հատուկ հարկ մտցնել այն երկրների համար, որոնք բավարար ջանքեր չեն գործադրում արտանետումների կրճատման գործում, Պեկինն էլ կարծում է, որ նման մոտեցումը կարող է հանգեցնել նոր առեւտրային պատերազմների:
Ավելի մեծ աժիոտաժ է սպասվում այսօր նախատեսվող, նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հանդիպումից: Սկզբնապես նախատեսվում է, որ Օբաման ելույթ կունենա դեկտեմբերի 9-ին, սակայն այցը հետաձգվեց: Որոշ տվյալներով, դա կապված է մի շարք երկրների, նաեւ Ֆրանսիայի՝ ԱՄՆ-ի հասցեին արած քննադատության հետ, թե ԱՄՆ նախագահը մտադիր է բաց թողնել գագաթնաժողովի ամենակարեւոր օրերը: Ի դեպ, ոչինչ չի ասվում նաեւ ԱՄՆ-Ռուսաստան հնարավոր բանակցությունների մասին:



























