Երեւանում աշխատանքն սկսած Բարձրագույն կրթության համաժողովի շրջանակում Microsoft-ի մասնագետները կատարելագործում են բուհերի ռեկտորների, պրոռեկտորների եւ դասախոսների համակարգչային ծրագրերի գիտելիքները։ Ռուսաստանցի մասնագետները դասընթացներ են անցկանում եւ բացատրում Հայաստանի բուհերի դասախոսներին, որ օրինակ՝ Microsoft Word ծրագրով կարելի է, ոչ միայն տեքստ հավաքել, այլեւ օգտագործել դրա կրթական հնարավորությունները։ «Ամբողջ աշխարհում արդեն վաղուց բուհերը հրաժարվել են գրատախտակից եւ կավճից, եւ դասն անցկացնելու համար օգտագործում են համակարգիչն ու համապատասխան ծրագրերը, մեր բուհերում տեխնիկան կա, բայց դասախոսներից քչերն են կարող օգտվել դրանից»,- ասաց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Քրիստինե Գյունջյանը՝ ավելացնելով, որ կրթական ֆորումի շրջանակում նմանատիպ դասընթաց է անցկացվել նաեւ դպրոցների ուսուցիչների համար։

Նրա խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար մեծ ակտիվություն են ցուցաբերել մարզերի ուսուցիչները, որոնցից երկուսը հաղթող են ճանաչվել ներկայացված մանկավարժական էլեկտրոնային մեթոդիկայի մրցույթում, եւ շուտով կմեկնեն Եվրոպա՝ կատարելագործելու գիտելիքները։

Ըստ նրա՝ դասախոսների համաժողովում մրցույթ չի նախատեսվում։ «Պարզապես փորձում ենք կատարելագործել նրանց ծրագրային եւ համակարգչային գիտելիքները»,- նշեց ընկերության կրթական ծրագրերի ղեկավարը։