ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն իրենց վերջին այցի ժամանակ չայցելեցին Հայաստան՝ ժամանակի սղության պատճառով: Այդ մասին, իբր, Trend News-ին դեկտեմբերի 17-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Համանախագահները խիտ օրակարգ ունեին, այդ պատճառով էլ չեկան Երեւան, սակայն հունվարին կգան՝ նախապատրաստելու Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը»,-ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ ասել է Կասպրշիկը:

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) դեկտեմբերի 10-11-ին կայացած տարածաշրջանային այցի ժամանակ եղան միայն Ադրբեջանում, քանի որ խնդիր կար համոզել Ադրբեջանի ղեկավարությանը՝ գնալ զիջումների: