Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի կարիք ունի, սակայն դա գործնականում անհնար է՝ առանց հարկային եւ մաքսային ոլորտներում կոռուպցիայի վերացման, շուկայում հավասար մրցակցային հնարավորությունների ստեղծման, նաեւ՝ օլիգոպոլիաների վերացման: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Ընդ որում, նա շեշտեց, որ օլիգոպոլիաներն արմատախիլ անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քանի որ շատ քաղաքական գործիչներ անտեսանելի թելերով կապված են այդ օլիգոպոլիաների ղեկավարների հետ: «Այդ երեւույթը հաղթահարելու համար պետք է վճռականություն եւ հետեւողականություն: Իսկ օլիգոպոլիաների վերացումն, իր հերթին, կբերի շուկայում հավասար մրցակցային պայմանների ստեղծման»,- նշեց Վարուդակիսը: Նա ասաց նաեւ, թե Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ որոշակի, բայց ոչ բավարար քայլեր է կատարում: «Օրինակ՝ գործադիր իշխանությունը օրինագիծ է պատրաստել՝ միտված իշխանության ներկայացուցիչների եկամուտների եւ ծախսերի ստուգմանը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը կյանքի կոչելու համար պետք է մեծ քաղաքական ուժ: