Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատրաստ է դատի տալ յուրաքանչյուրին, ով մինչեւ կուսակցության օրինական համագումարի օրը՝ հունվարի 9-ը, ապօրինաբար իրեն ՍԴՀԿ ատենապետ կհռչակի։ Այդ մասին ՍԴՀԿ ատենապետը հայտարարեց դեկտեմբերի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Անկախ ամեն ինչից՝ ես դեռեւս ՍԴՀԿ օրինական ատենապետ եմ, իսկ կուսակցական մի քանի ընկերների կողմից երեկ կազմակերպված դռնփակ համագումարը անօրինական է եղել»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ պատրաստ է դատարանի առջեւ պատասխանատվության կանչել նրան, ով կփորձի անօրինական կերպով իրեն կուսակցության նոր ատենապետ հռչակել։ Նկատելով, որ ներկուսակցական խմորումները հրահրվում են իշխանությունների կողմից, Լ. Սարգսյանն ընդգծեց, որ նրանց հետ գործարքին, ի սկզբանե, գնացել է ՍԴՀԿ վարչության ղեկավար Սեդրակ Աճեմյանը, ում հետ «վերեւներից ստացած հրահանգի համաձայն՝ բանակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը»:

«Սեդրակ Աճեմյանը սկզբում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի լուրջ կողմնակիցն էր, սակայն գիտակցելով, որ իշխանությունների հետ գործարքի գնալով կփրկի իր բիզնեսը, գերադասեց իրական ընդդիմության քողի տակ ձեւավորել գրպանային ընդդիմություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին ՀՅԴ-ն ու ռամկավարներն են»,- համոզմունք հայտնեց ՍԴՀԿ ատենապետը։

Տեղեկացնելով, որ երեկվա դրությամբ, «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը, վարչության անդամներ Նարեկ Գալստյանն ու Արսեն Կուպերյանն այլեւս կուսակցության անդամներ չեն՝ Լ. Սարգսյանը հայտարարեց, որ նրանք ապօրինի են գործել՝ խախտելով կուսակցության ծրագիր-կանոնագիրը։

«Երեկվա համագումարում արդեն իսկ ատենապետ ընտրվել է, սակայն նրա անունը խիստ գաղտնի է պահվում»,- եզրափակեց նա։

Ի դեպ, նշենք, որ արտահերթ, դռնփակ համագումարում՝ ՍԴՀԿ ատենապետ է հռչակվել Գեւորգ Պերկուպերկյանը: