Հայաստանի Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության երեկ տեղի ունեցած արտահերթ համագումարում կուսակցության նոր ատենապետ է հռչակվել կուսակցության անդամ Գեւորգ Պերկուպերկյանը: Այս մասին այսօր, դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը, Կենտրոնական վարչության անդամ, նորընտիր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանը եւ վարչության հիմնադիր անդամ Հրանտ Ամիրյանը:

Կուսակցության վարչության նորընտիր անդամ է դարձել «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:

Դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում տեղի ունեցած արտահերթ 7-րդ համագումարում մասնակիցները նաեւ որոշել են ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ Գուրգեն Եզիազարյանին հեռացնել ՍԴՀԿ շարքերից: Կուսակցության մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանի խոսքով, համագումարին մասնակցել են Երեւանի եւ շրջաններից բոլոր այն պատվիրակները, ովքեր վերջերս անվստահություն էին հայտնել Լյուդմիլա Սարգսյանին:

Նորընտիր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանը՝ մեկնաբանելով Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի այսօր կատարված հայտարարությունը, թե դատի կտա յուրաքանչյուրին, ով մինչեւ կուսակցության օրինական համագումարի օրը՝ հունվարի 9-ը, ապօրինաբար իրեն ՍԴՀԿ ատենապետ կհռչակի, ասաց, «Ջուրը մտնելուց հետո, թրջվելուց չեն վախենա»:

Նշենք, որ կուսակցության կնիքները դեռեւս գտնվում են Լյուդմիլա Սարգսյանի մոտ։