«20-րդ դարը ցեղասպանությունների դար է եղել»,- Խրիմյան Հայրիկի անվան արգենտինահայ քոլեջում այսպիսի խոսքերով է սկսել իր ելույթը հայտնի գրող, հրապարակախոս, սցենարիստ եւ պատմաբան Օսվալդո Բայերը։ Այդ մասին հայտնում է արգենտինահայերի Diario Armenia թերթը։
Օ. Բայերը քոլեջում սովորողներին է ներկայացրել իր՝ այդ թեմայի շուրջ ատենախոսությունը՝ այս կերպ իր ավանդը ներդնելով 2009թ. քոլեջում գործող նախագծում։ Նախագիծը նվիրված է 20-րդ դարի ցեղասպանությունների պատճառ դարձած պատմական իրադարձությունների ուսումնասիրությանը։ Նրանում կենտրոնական տեղ է զբաղեցնում 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Բայերը իր ելույթն սկսել է հատկապես Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած դեպքերից։
«Քանի դեռ այդ իրադարձությունները ցեղասպանություն չեն որակվել, արդարության մասին անհնար է խոսել։ Ոմանք փորձում են կեղծել զոհերի թիվը՝ կրճատելով այն։ Բայց մի՞թե մարդկային կյանքի արժեքը չափվում է թվերով։ Արգենտինայում եւս կան մարդիկ, ովքեր փորձում են կրճատել զոհերի թիվը, սակայն դրանից ցեղասպանությունը չի դադարում ցեղասպանություն մնալ»։
Դրանից հետո Բայերը խոսել է հրեական Հոլոքոստի մասին։
Նա հիշատակել է նաեւ Արգենտինայի նախկին նախագահ Խուլիո Արխենտինո Ռոկայի մասին, ով հայտնի է 1878-79թթ. Պատագոնիայի հնդկացիների դեմ իրականցված գործողություններով, որոնց ժամանակ սպանվել է 1250 աբորիգեն, եւս 3000-ն էլ գերի է վերցվել։




























