Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն այսօր` հունիսի 2-ին հայտարարություն է տարածել`ի պատասխան «Հայկական ծրագրեր» ընկերության հայտարարության:
Նշենք, որ «Հայկական ծրագրեր» ընկերությունը խիստ բացասական բնութագիր էր տվել ՏՏ ոլորտի ներկայիս վիճակին, ինչպես նաեւ ոլորտի հասարակական կազմակերպությունների գործունեությանը, մասնավորապես` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին: ԻՏՁՄ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռեւս 2000թ.-ից հայտարարվել է տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը եւ այս տարիների ընթացքում, թեեւ առկա որոշ խնդիրների, տարեցտարի արձանագրում է կայուն աճ (տարեկան` միջինում 25%) եւ այս տենդենցը պահպանվեց նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, երբ բազում այլ ոլորտներում գրանցվեց անկում: Ավելին` 2011թ. ոլորտի աճը շուրջ 30% էր: Ոլորտում այսօր գործում է ավելի քան 350 կազմակերպություն (տարեկան ստեղծվում է միջինում 30-40 նոր ընկերություն)` ապահովելով 7000-ից ավելի մասնագիտական աշխատատեղ: Նշված ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ Հայտարարության հեղինակը միայն մեծ ջանքերի գործադրման դեպքում կարող էր «հիմա ցավով արձանագրել, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է»:
Կարծում ենք, որ նշված եզրակացությունը Հայտարարության հեղինակի թյուրիմացության մեջ գտնվելու արդյունք է, որն էլ իր հերթին հետեւանք է ՏՏ ոլորտային կազմակերպված կառույցներին (միություններ, ակումբներ, խորհուրդներ, աշխատախմբեր եւ այլն) վերջինի` բավական երկար ժամանակ անմասն լինելու:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) 2005թ.-ից հանդիսանում է ՏՀՏ եւ Բարձր տեխնոլոգիաների հայաստանյան խոշորագույն բիզնես ասոցիացիայի` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ: Վերջին տասը տարիների ընթացքում ՁԻՀ-ը, ստանձնելով Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական ծրագրի առաքելությունն, իր ուրույն դերակատարությունն է ունեցել այդ գործընթացում: Հայաստանյան եւ միջազգային մասնավոր, պետական, հասարակական եւ այլ շահագրգիռ կառույցների հետ սերտ համագործակցությամբ ՁԻՀ-ի կողմից նախաձեռնվել եւ իրականացվում են ոլորտային այնպիսի մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ եւ ծրագրեր, ինչպիսին են` որակյալ կադրերի պատրաստումը, ներդրումների ներգրավումը, ենթակառուցվածքների ձեւևավորումը, վերազգային կազմակերպությունների ներգրավումը եւ, վերջապես, միջազգային շուկաներում Հայաստանի` որպես տեխնոլոգիական ոլորտի առաջատար երկրի վարկանիշի ձեւավորումն ու բարձրացումը:
ՁԻՀ-ն իր մասնագիտական թիմով միշտ վստահելի եւ կայուն գործընկեր է եղել Հայաստանի ՏՏ մասնավոր ընկերությունների եւ միությունների համար: ՁԻՀ-ի գործունեությունը բարձր է գնահատվել նաև օտարերկրյա գործընկերների կողմից, եւ այսօր հայաստանյան «Ձեռնարկությունների ինկուբատոր»-ի հաջողված մոդելը ներդրվում է բազմաթիվ զարգացող երկրներում»:




























