Հայաստանի ոստիկանության ղեկավարությունն անբավարար ուշադրություն է դարձնում վետերան ոստիկանների խնդիրներին: Այդ մասին, այսօր` հունիսի 4-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի նախագահ, աստիկանության գնդապետ Գրիշա Սարգսյանը: 

Նրա խոսքով, եթե ոստիկանության նախկին ղեկասվարությունն ակտիվորեն համագործակցում էր ՄՈԱ-ի հայաստանյան մասնաճյուղի հետ, ներկայիս ղեկավարությունը նման ձգտում չի ցուցաբերում: «Մինչդեռ նրանք պետք է հիշեն, որ մի օր էլ իրենք են վետերան դառնալու»,- ասել է Սարգսյանը: ՀԿ ղեկավարը գնահատական չի տվել ոստիկանության գործունեությանը, նշելով, որ գնահատականը պետք է տան քաղաքացիները, իսկ իր կարծիքը չի ցանկանում հայտնել:

Նա հիշեցրել է, որ առայսօր երկրում չի ընդունվել վետերան-ոստիկանների մասին օրենքը: Համապատասխան օրինագիծն Ազգային ժողով է ուղարկվել 2008թ.: Այժմ իրենք պնդում են, որ օրինագիծը հանվի արխիվից եւ քննարկվի: Գրիշա Սարգսյանը հատուկ ընդգծել է դրա անհրաժեշտությունը` հաշվի առնելով միլիցիոներների ավանդը Արցախյան ազատամարտի տարիներին: Իսկ այժմ, երբ վետերան ոստիկանները դիմում են պաշտպանության նախարարությանը, նրանց դիմումները հասցեագրում են ոստիկանություն:

Գրիշա Սարգսյանն առաջարկել է բյուջեից 1-2 միլիարդ դրամ հատկացնել վետերան ոստիկանների խնդիրների լուծման համար:

Հայաստանում մոտ 10 հազար 800 վետերան կա, որից 300-ը Միջազգային ոստիկանական ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղի անդամ է: