Բացարձակ հիմարություն է այն, թե իբրեւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցում է իշխանությունների հետ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը:
Հիշեցնեք, որ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրերս ասել է, թե ներկուսակցական խմորումները Համահնչակյան կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի պառակտիչ դիրքորշման արդյունք են, ով, իր բիզնեսի շահերից ելնելով, համագործակցում է իշխանությունների հետ:
ՍԴՀԿ նորընտիր ատենապետ հռչակված Գեւորգ Պերկուպերկյանը եւս` անդրադառնալով այս հայտարարությանն ասաց. «Սեդրակ Աճեմյանը արդեն երեք տարի է բիզնես ունի, մինչեւ հիմա այդ բիզնեսը չի աշխատում եւ ընդամենը շինարարական աշխատանքներ են ընթանում: Պարզ ասեմ` հյուրանոցային համալիր է կառուցվում, եւ եթե նա բիզնեսի համար իշխանությունների հետ համագործակցեր, ճանապարհ չունեցող հյուրանոցի համար իշխանությունները 100 մետր ճանապարհ կկառուցեին, որ Սեդրակ Աճեմյանը կարողանար ավտոմեքենայով գնալ հյուրանոցի մոտ»:
Ինչ վերաբերում է լուրերին, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով բանակցություններ է ունեցել Աճեմյանին հետ եւ այդ մասին են փաստում վարչապետի հետ ունեցած Աճեմյանի քննարկումները, նորահայտ ատենապետն ասաց. «Սեդրակ Աճեմյանը համահնչակյան ատենապետն է եւ ի պաշտոնե իրավունք ունի հանդիպելու բոլորի հետ, պետք չէ մութ կետեր փնտրել, հանդիպումը թաքուն չի եղել»:



























