Դեկտեմբերի 14-ից 17-ը Երեւանում անցկացվել է ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական` 4-րդ նիստը` հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի նախագահությամբ:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ:

Նիստի շրջանակներում դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը եւ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինը ստորագրել են «ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ռազմական նշանակության արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Ստորագրման արարողությանը նախորդած իր ելույթում պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդգծեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ այս համաձայնագրի ստորագրումը կարեւոր նշանակություն ունի հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման համար, կնպաստի երկու պետությունների զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը: