ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին չէ եւ այդ երկրի դեմ ոչ մի ծրագիր չունի: Այս մասին այսօր` նոյեմբերի 17-ին, Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Ուզում եմ ռուս ժողովրդին ասել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին չէ: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ոչ մի ծրագիր չունի»,- մեջբերում է Ռասմուսենի խոսքերը «Интерфакс»-ը:
Նա նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ժամանակ քննարկել են անվտանգության վերաբերող մի շարք հարցեր՝ ներառյալ Վրաստանի ՆԱՏՕ անդամակցումը եւ դաշնության դեպի արեւելք ընդլայնումը. «Հիմարություն կլիներ թաքցնել մեր տեսակետների միջեւ եղած տարբերությունները»:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն պատրաստ է քննարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եվրոպական անվտանգության վերաբերյալ ծրագիրը, թեեւ կարծում է, որ այդպիսի փաստաթղթի անհրաժեշտություն չկա:
«Եվրոպական անվտանգության նոր համաձայնագրին առընչվող հարցերը մենք քննարկել ենք Ռուսաստանի ղեկավարության հետ եւ պատրաստ ենք ապագայում էլ քննարկենք այդ հարցերը»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը` նշելով, որ այս թեմայով բանակցությունների ճիշտ հարթակը ԵԱՀԿ-ն, քանի որ նրա մեջ մտնում են 56 երկրներ, որոնք հետաքրքվրած են այս պայմանագրի շատ դրույթներով:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Ռասմուսենը նաեւ տեղեկացրել է, որ «Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկվել է սպառազինությունների վերահսկման խնդիրը»: ՆԱՏՕ-ն հույս ունի, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ռազմավարական հարձակողական սպառազինության շուրջ բանակցությունները կհաջողվեն, ինչպես նաեւ սովորական սպառազինության սահմանափակումների բերաբերյալ երկխոսությունում առաջընթաց կլինի:




























