Ճանաչված ռուսաստանյան քաղաքական գործիչ, տնտեսագետ եւ նախկին վարչապետ Եգոր Գայդարը մահացել է միոկարդի իշեմիայի հարուցած թոքերի այտուցից: Այդ մասին իր բլոգում հայտնել է Գայդարի դուստրը՝ Մարիան:

«Ես դեռ ամեն ինչ չեմ կարողանում գիտակցել, գալիս եմ հիվանդանոցից, որտեղ դատաբժշկական փորձաքննություն էին անցկացնում: Մահվան իրական պատճառը թոքերի այտուցն է՝ միոկարդի իշեմիայի պատճառով: Սրտային կաթվածն է, այլ ոչ տրոմբը, ինչպես նշում էին նախկինում»,- գրել է Մարիա Գայդարը:

Նրա խոսքով, Գայդարը մահացել է գիշերվա երկուսից վեցն ընկած հատվածում, քանի որ «Նրա դեմքը բացարձակ հանգիստ էր»: «Նա մահացել է, տանը։ Մինչ այդ հրաշալի տրամադրություն ուներ, ծրագրում էր հաջորդ օրվա անելիքները»,- հայտնել է դուստրը: Մարիան հայտնել է նաեւ, որ թաղումը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Նովոդեւիչեւյան գերեզմանատանը: