Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած թուրքական CNNturk հեռուստաընկերության լրատվական բաժնի խորհրդատու Ֆերհաթ Բորաթավը եւ Milliyet օրաթերթի թղթակից Քադրի Գյուրսելը հայ լրագրողների հետ զրույցում անդրադարձան հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությանը Թուրքիայում՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա Ցեղասպանության ճանաչման սպառնալիքի միջոցով:

Ֆերհաթ Բորավաթը այսօրվա իրավիճակը համեմատեց 6.5 տարի առաջվա իրավիճակի հետ, երբ թուրքական խորհրդարանը դեմ քվեարկեց ԱՄՆ զորքերին Թուրքիայի տարածքով Իրաք մտնելուն: Ըստ բանախոսի, այդ ժամանակ եւս դա լուրջ վտանգ էր Թուրքիայի-ԱՄՆ հարաբերությունների հետագա ընթացքի համար, սակայն թուրքական խորհրդարանը հաշվի չառավ այդ հանգամանքը: Հյուրերը համոզված էին, որ այս օրինակը կարող է կրկնվել նաեւ ստորագրված արձանագրությունների վավերացման հետ կապված խնդրում:

Թուրք լրագրողները նշեցին, որ ԱՄՆ-նախագահ Բարաք Օբաման թույլ չի տա Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա Թուրքիայում կունենա երկրաշարժի ազդեցություն, իսկ ԱՄՆ-ը չի ցանկանում այս տարածաշրջանում խնդիրներ ունենալ:

«Հայոց ցեղասպանության խնդիրը դամոկլյան սրի պես կախված է Թուրքիայի գլխին: Թուրքիայում շատերը երանի են տալիս, որ Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերջապես տեսնեն թե ինչ է լինելու դրանից հետո: Ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելուց հետո էլ տարբեր երկրների խորհրդարաններում կշարունակվեն ընդունվել Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձեւեր»,-նշեց Milliyet-ի թղթակիցը:

Անդրադառնալով մինչքեմալական Թուրքիայում տեղի ունեցած հայտնի դատավարություննեին, որով հայերին կոտորելու համար հեռակա կարգով մահվան էին դատապարտվել Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշան եւ այլոք, CNNturk-ի լրագրողը նշեց, որ Թուրքիան չի ընդունում այդ դատավարությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիան գտնվում էր Արեւմտյան տերությունների օկուպացման տակ եւ այդ դատարանների վրա ճնշում է եղել:

Բանախոսները հիշեցրեցին, որ 1915 թվականի դեպքերի հետ կապված Թուրքիայում շատերը տեղեկություններ պարզապես չունեն: