Դեկտեմբերի 16-ին գողության դեպք է գրանցվել Տավուշի մարզում, հանցագործները գողացված խոշոր եղջերավոր անասունը տարել են Ադրբեջանի տարածք: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 16-ին, ժամը 04.00-ին, ահազանգ է ստացվել, որ 3 զինված անձինք Կայանավան գյուղից խոշոր եղջերավոր անասուն են գողանում:
Ոստիկանները հայ-ադրբեջանական սահմանագծի մոտ` Կայանավան գյուղի տարածքում ծառայություն կատարելիս, երկաթգծի վրա 3 զինված անձանց են նկատել` անասունը Ադրբեջանի ուղղությամբ տանելիս: Ինքնությունը պարզելու ընթացքում զինյալները փորձել են գործադրել իրենց մոտ գտնվող հրազենները: Ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակ են արձակել, եւ հանցագործները երկաթգծի վրա թողնելով 11 խոշոր եւ 4 մանր եղջերավոր անասուններ` դիմել են փախուստի: Արյան հետքեր են հայտնաբերվել դեպքի վայրում եւ մոտ 500 մ խորությամբ դեպի Ադրբեջանի Հանրապետության սահմանի ուղղությամբ: Նույն օրը, ժամը 06.15-ին, Դիտավան գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Արշակ Ս.-ից ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք անասնագոմի պատուհանից մուտք գործելով եւ դուռը ներսից բացելով` գողացել են իր ձին, 11 գլուխ խոշոր եւ 4 գլուխ մանր եղջերավոր անասունները: Դեպքի վայրից հայտնաբերվել է 2 գլխարկ, ճապոնական արտադրության ձեռքի ժամացույց եւ արյան հետքեր: Կատարվում է նախաքննություն:




























