Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրություններին: Այդ են վկայում «Մարդու իրավունքներ-96» կուսակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է 600 քաղաքացիների մեջ, եւ նրանց 49,5 տոկոսը դեմ է արտահայտվել արձանագրություններին: Կողմ է արտահայտվել 23,5 տոկոսը, իսկ 27 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցին, թե որն է Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառը, 26,5 տոկոսը պատասխանել ՝ Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը, 7,7 տոկոսը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը, 14,3 տոկոսը՝ 2008թ.-ի ընտրությունների հետևանքները մոռացության մատնելը, 34,8 տոկոսը՝ որպես նախագահ իր միջազգային հեղինակության ամրապնդումը:
Ի դեպ, հարցման մասնակիցներին հարցրել են, թե ինչո՞վ եք պայմանավորում արձանագրությունների դեմ ՀՅԴ գործունեությունը, եւ հարցվածների միայն 17,2 տոկոսն է պատասխանել՝ կուսակցության ազգային գաղափարախոսությամբ:
21,5 տոկոսը պատասխանել է՝ Սփյուռքի ճնշմամբ, 23.3 տոկոսը՝ ֆինանսավորման աղբյուրների կորստի վախով, 16,5 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը աջակցությամբ:




























