Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը դեկտեմբերի 18-ին հայտարարել է , որ դեկտեմբերի 16-ին Ծաղկաձորում կայացած համագումարը օրինական է եւ արտահայտում է «Հայաստանի ընկերների բացարձակ մեծամասնության կամքը»:
«Հետեւաբար, կհաստատենք Համագումարի ընթացքում ընդունված որոշումները եւ նորընտիր վարչության կազմը: Այս առթիվ կշնորհավորենք վարչության անդամներին եւ բոլորիդ կմաղթենք հաջողություն»,-ասված է հայտարարության մեջ, որ ստորագրել են ատենապետ Սեդրակ Աճեմյանն ու ատենադպիր Գրիգոր Խոտանյանը:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում տեղի էր ունեցել ՍԴՀԿ մի քանի տասնյակ ներկայացուցիչների համագումար, որոնք որոշում էին կայացրել կուսակցությունից հեռացնել Լյուդմիլա Սարգսյանին եւ Գուրգեն Եղիազարյանին:
Հայտարարություն է տարածել նաեւ ՍԴՀԿ հայաստանյան թեւը՝ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, հայտնելով, որ տեղի է ունեցել ՍԴՀԿ ընդլայնված վարչության նիստ , որի ընթացքում վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացվել են` Գեւորգ Պերկուպերկյանը, Արսեն Կուպելյանը եւ Նարեկ Գալստյանը, իսկ Վահան Շիրխանյանը հեռացվել է՝ կուսակցության ներսում խժդժություններ հրահրելու եւ ՍԴՀԿ պառակտմանն ուղղված գործողություններ կատարելու համար":




























