Դեկտեմբերի 18-ին, ուշ երեկոյան Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտանբերել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի դիմած, ցմահ ազատազրկման դատապարտված երկու փախստականներին: Ձերբակալման պահին Սողոմոն Քոչարյանը եւ Մհեր Ենոքյանը գտնվում էին տարբեր վայրերում։ Այդ մասին հայտնում է «Հրապարակ» թերթը:

Թերթին չի հաջողվել ճշտել, թե որտեղ են գտել Քոչարյանին: Ենոքյանը հայտնաբերվել է խանութում, եւ հայտնվելով ԱԱԾ աշխատակիցների ձեռքում, փորձել է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ, երկու տեղից կտրել է կոկորդը: Համաձայն թերթի՝ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են, իսկ երբ հայտնի է դարձել, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում, անմիջապես տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Թերթը նաեւ գրում է, որ անհայտ է, թե ինչով էր պայմանավորված նման շտապողականությունն ու ինչու էր որոշում կայացվել նրանց վերադարձնել բանտ, եթե փախուստի արդյունքում ՔԿՀ աշխատակիցները լրջորեն տուժել են, ՔԿՀ պետին հեռացրել են աշխատանքից, իսկ վեց հոգու, այդ թվում եւ՝ բանտի պետի տեղակալին, անվտանգության բաժնի տեղակալին, ձերբակալել են պաշտոնեական անփութության համար: Կարելի է պատկերացնել, թե ինչպես «Նուբարաշենում» կընդունեն փախած դատապարտյալներին եւ ինչ է նրանց սպասվում:

NEWS.am-ն այս պահին դեռ փաստի պաշտոնական հաստատում չի ստացել: