Հայաստանում բանկերի վարկերի բարձր տոկոսադրույքները պայմանավորված են հիմնականում բանկերի անձնակազմի բարձր վարձատրությամբ։ Բանկերի կառավարիչներն ու որոշ աշխատակիցներ յոթանիշ թվերով հաշվվող աշխատավարձեր են ստանում, որոնք գոյանում են վարկերի բարձր տոկոսադրույքներից: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց երկրի ֆինանսական ոլորտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, որը ցանկացավ գաղտնի մնալ:
«Մասնավոր ձեռնարկությունները, այդ թվում՝ նաեւ մասնավոր բանկերը, իրավասու են տալ աշխատողներին ցանկացած չափի աշխատավարձ, քանի որ սեփականատերը իր եկամուտից է գումարը տալիս, բայց այստեղ այլ հարց կա, բանկերի դեպքում աշխատավարձի չափը պայմանավորում է տրվող վարկերի տոկոսադրույքի չափը»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ այժմ հայաստանյան բանկերի վարկային մինիմալ տոկոսադրույքը 16 տոկոսի սահմաններում է։ «Այս տոկոսադրույքի մեջ ներառված են բանկի ծախսերը, այդ թվում՝ նաեւ ադմինիստրատիվ, ներգրավված միջոցների ծախսերը, կառավարման ռիսկը, վարկավորման ռիսկը, շուկայական եւ այլ ռիսկերը։ Եթե նշված տոկոսադրույքը ըստ մասնաբաժինների վերլուծենք, ապա պարզ կդառնա, որ կառավարչական ծախսերի պատճառով է, որ բանկը չի կարող 13-14 տոկոսով վարկ տալ, որովհետեւ այդ դեպքում բարձր աշխատավարձեր չի կարող վճարել»,- ասաց գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա՝ բանկերում այս իրադրությունը ստեղծվել է նախորդ տարիներին, երբ արտասահմանից հսկայական տրանսֆերտներ էին կատարվում։ «Այդ երեւույթը բալանսային շահույթ է կոչվում, որի ժամանակ նաեւ աշխատավարձը պետք է բարձրանա, այսինքն՝ տրանսֆերտենրի ստացումից բանկերի շահույթն էր բարձրանում, համապատասխանաբար՝ նաեւ աշխատավարձն էին ավելացնում, բայց մի կարեւոր հանգամանք կա. չէր ավելանում բանկերի արտադրողականությունը, որեւէ բանկ նոր արտադրանք չէր տալիս»,- նշեց ֆինանսիստը՝ ավելացնելով, որ բանկերում յոթանիշ թվերով տրվող վարձատրությունը չի արդարացվում ոչ մի տնտեսագիտական օրենքով։
Ըստ NEWS.am-ի զրուցակցի՝ ճգնաժամի պարագայում անհրաժեշտ է, որ բանկերը ճշգրտեն իրենց բոլոր ծախսերը, կրճատեն դրանք, եւ նոր արտադրանքներ առաջարկեն շուկային։ «Հայաստանում բանկերը հիմնականում մեկ կամ երկու խոշոր գործարարի հետ են աշխատում, եւ չեն մտածում շուկայում լայնորեն գործունեություն ծավալելու մասին, այդ իսկ պատճառով չեն զարգանում, այն դեպքում, երբ նրանք պետք է հաճախորդների ներգրավման ագրեսիվ քաղաքանություն սկսեն»,- նշեց ֆինանսիստը։
Նրա խոսքով, ֆինանսական դժվար կացությունը նաեւ լավ առիթ է, որ բանկերը ածանցյալներ թողարկեն, եւ աշխատեն կապիտալի շուկայի ակտիվացման ուղղությամբ։ «Բայց, մինչեւ այդ, նաեւ պետք է վերլուծական բաժիներ ստեղծեն, քանի որ այսօր վերլուծաբաններ ունեցող բանկ Հայաստանում գրեթե չկա, իսկ առանց վերլուծական մտքի, բանկը հասարակ միջնորդ ընկերություն է, որը մեկից գումար է վերցնում, ու մի քիչ ավելի բարձ տոկոսով տալիս մյուսին»,- ամփոփեց աղբյուրը:




























