Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բավարարված է Ղազախստանի հետ համագործակցության զարգացման դինամիկայով: Այդ մասին Հայաստանի նախագահը հայտարարել է «Կազինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում: Նշենք, որ Սերժ Սարգսյանը գտնվում է Ալմաթիում՝ ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար:

«Հայաստանն ու Ղազախստանը դաշնակից-երկրներ են ՀԱՊԿ-ի շրջանակներում, եւ դրանով ամեն ինչ ասված է: Միջազգային պրակտիկայում չկա համագործակցության ավելի բարձր մակարդակ, քան դաշնակցությունն է, որ նախատեսում է փոխադարձ պարտավորություններ կողմերից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում: Մենք դինամիկ կերպով զարգացնում ենք այդ համագործակցությունը՝ ե՛ւ Արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման միջոցով, ե՛ւ իրավա-պայմանագրային բազայի զարգացմամբ, ե՛ւ լայնամասշտաբ համատեղ վարժանքների անցկացմամբ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում: Այդ կապակցությամբ նախագահը նկատել է, թե հեռանկարում պետք է աջակցել երկու երկրների բիզնես-միջավայրերի միջեւ կապերի, փոխգործակցության նոր ու հարմարավետ պայմանների ստեղծմանը:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանն սատարել է 2010թ. ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Ղազախստանի թեկնածությանը: «Ընդունելով այդ որոշումը՝ մենք հաշվի ենք առել նաեւ մեր դաշնակցային հարաբերությունները ՀԱՊԿ-ում, եւ Ղազախստանի տեղեկացվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներից, եւ անխոս, նաեւ նախագահ Նազարբաեւի անձնական ահռելի փորձը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Խոսելով միջազգային տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին՝ Հայաստանի նախագահն ասել է, թե հենց Ղազախստանում է ծնվել ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամ ստեղծելու գաղափարը: