Հարավային Կովկասը կախված է արտաքին ներդումներից, միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունից: Այդ պատճառով էլ խոսել այն մասին, որ հարավային Կովկասը ծաղկող շրջան է, չի կարելի: Այդ մասին հայտարարել է Արտաքին քաղաքական գերմանական խորհրդի Ռուսաստանի եւ ԱՊՀ ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը՝ «Էխո Պլանետի» ամսագրին տված հարցազրույցում:
«Էներգետիկայի ոլորտում նոր նախագծերի իրականացման շնորհիվ Ադրբեջանով հետաքրքրվում են ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Արեւմուտքն ու Չինաստանը: Այնպես որ, Ադրբեջանը կարող է հանգիստ որոշել, թե ում հետ առեւտուր կանի, ում կվաճառի իր նավթն ու գազը: Վրաստանում եւ Հայաստանում իրավիճակը վատ է: Տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների բացակայության եւ ճգնաժամի պատճառով օտարերկրյա կապիտալը ամբողջությամբ չի մտել այնտեղ: Բայց Վրաստանը մեծ օգնություն է ստանում ԱՄՆ-ից»,- կարծում է փորձագետը:
Նրա խոսքով, Հայաստանը ԵՄ հետ հարաբերությունների զարգացման նոր հեռանկար է ստացել շնորհիվ Թուրքիայի հետ սահմանի բացման",- մի քանի ամիս առաջ այդ հնարավորությունը սենսացիա կլիներ, բայց այժմ էլ այլ հարց է ծառանում՝ ի՞նչ է դա տալու հայկական տնտեսությանը":
Ապա Ռարը նշում է. «Ադրբեջանն արդեն բացասական գնահատական է տվել թուրքական կառավարության քաղաքականությանը: Ադրբեջանը նեղացել է, որ Թուրքիան համերաշխ չէ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի եւ „օկուպացված“ տարածքների վերադարձի հարցում: Թուրքերը ժամանակին այդ պատճառով փակել էին սահմանը: Բայց ԵՄ-ն սկսեց ճնշել Անկարայի վրա: Ադրբեջանն այժմ երկու ճանապարհ ունի՝ մեկը Ռուսաստանն է, մյուսը՝ Իրանը»:
Փորձագետը նշել է, որ «ԵՄ ղեկավարությունը այն մտայնության է, թե Ադրբեջանը փախչելու տեղ չունի, իսկ Հայաստանը չափազանց ուժգին է մտել ՀԱՊԿ-ի մեջ»:




























