Մեծ Բրիտանիան պատմականորեն հատուկ դեր է խաղացել Կովկասում: Լոնդոնը մշտապես հատուկ հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ՝ կախված նպատակահարմարությունից, ելնելով սեփական շահերից, մտել է միությունների եւ դավադրությունների մեջ տարածաշրջանի երկրների դեմ: Մեծ Բրիտանիան, լինելով տիպիկ կայսրություն, բայց մշտապես կայսերական հավակնությունների մեջ մեղադրելով նույն Ռուսաստանին, տարածաշրջանում առավելագույնս ցինիկ եւ պրագմատիկ քաղաքականություն է վարել, որ հիմնված է միայն կասպիական նավթի եւ իրանական գազի գերակայությունների վրա: Այդ ցինիկ քաղաքականության արտահայտողը Հայաստանում, բնականաբար, Մեծ Բրիտանիայի դեսպաններն են՝ նախկին եւ ներկա:

Հիշենք նախկին դեսպան Թորդա Էբոթ Ուոթթին՝ անցյալը մոռանալու եւ ապագային նայելու հայ ժողովրդին ուղղված իր կոչով: Իհարկե, տիկին Էբոթ Ուոթթը, արտահայտելով այդ կարծիքը, չէր անհանգստանում Թուրքիայի շահերի համար, այլ առաջին հերթին՝ հայերի հանգստության եւ ապագայի մասին: Բայց նրան չհասկացան: Չհասկացան, թե ինչ հիմքով է օտարերկրյա դեսպանն ընդհանրապես կարծում, թե ինչ-որ մեկն իր խորհրդի կարիքն ունի այդ նրբագույն հարցում, չհասկացան, թե ինչու է որոշել, որ կարելի է բուժել պատմական վերքերն ու դաս տալ մի ողջ ժողովրդի,որ նա մտածի արյունոտ անցյալի, թե՞ լուսավոր ապագայի մասին: Այդ սկանդալից հետո Էբոթ Ուոթթին հետ կանչեցին Լոնդոն, եւ այժմ Բաղրամյան պողոտայում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ղեկավարում է նոր դեսպան՝ Չարլզ Լոնդսդեյլը:

Ինչպես հայտնի է՝ դեսպանների փոփոխությունից պետության քաղաքականությունը չի փոխվում: Պատասխանելով «Ժամանակ» թերթի հարցին, թե ինչպես է Մեծ Բրիտանիան նայում հարցին, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցում որպես նախապայման առաջ է քաշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը, Չարլզ Լոնդսդեյլն ասել է. «Մենք աջակցում ենք կողմերին՝ առաջ գնալ եւ վավերացնել արձանագրությունները, բայց որպես անկախ պետություն, Թուրքիան ազատ է վարվել այնպես, ինչպես ցանկանում է, եւ ազատ է նախապայմաններ առաջ քաշել»:

Չարզլ Լոնդսդեյլն, իհարկե, ճիշտ է, Թուրքիան ազատ է նախապայմաններ առաջ քաշելու հարցում: Բայց այդ դեպքում նա պետք է շարունակեր միտքը եւ հայտարարեր, թե այդ դեպքում էլ Հայաստանը եւս ազատ կարող է դուրս գալ բանակցություններից: Միգուցե դրան էլ փորձո՞ւմ է հասնել Լոնդոնը: Միգուցե դեսպանը սադրո՞ւմ է՝ հուսալով ձախողել հայ-թուրքական բանակցային գործընթացը: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ հայկական իշխանությունները հստակ հայտարարել են, թե նախապայմաններ առաջ քաշելու դեպքում արձանագրությունները չեղյալ են հայտարարվելու: