ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին:

Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 9-ին, Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը` 1 մլրդ դոլար, Բելառուսինը` 10 մլն դոլար , իսկ մյուս երկրներինը, այդ թվում` նաև Հայաստանի մասնաբաժինը, կկազմի 1 մլն դոլար:

Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը` համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:

Դեկտեմբերի 21-ին կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ. գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես` նախատեսվում է հաստատել Հակաճգնաժամային հիմնադրամի փորձագիտական խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը և այլն: