Կարծես, Վրաստանի դժբախտությունները, այդ թվում այդ պետության նախկին մասերի հետ երեք պատերազմները՝ երկու վրաց-օսական եւ մեկ վրաց-աբխազական, դաս չեղան վրացական քաղաքական վերնախավի համար։
Այդ վերնախավի առանձին ներկայացուցիչներ դեռեւս ճիշտ են համարում ազգայնական հայտարարություններով հանդես գալը՝ գերագնահատելով Վրաստանի ազգերից մեկին եւ թերագնահատելով մյուսներին:
Այսպես, Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Յուլոնա Գագոշիձեն օրերս բառացի հայտարարել է. «Վրաստանը միայն վրացիների եւ աբխազների հայրենիքն է, իսկ երկրում բնակվող այլ ազգությունների ներկայացուցիչները դիտարկվում են որպես այլ երկրների սփյուռքներ: Մեր այսպես կոչված „ազգային փոքրամասնությունները“ կարող ենք դիտարկել որպես հարեւան երկրների սփյուռքներ՝ ադրբեջանական, հայկական, ռուսական եւ այլն: Իմ կարծիքով, կան միայն երկու ժողովուրդներ, որոնց հայրենիքը Վրաստանն է՝ վրացիներն ու աբխազները: Անգամ օսերին մենք պետք է դիտարկենք որպես սփյուռք»:
Ինչպես հայտնում է «Կավկազ պրես» գործակալությունը, հանրությունը բավական նյարդային է արձագանքել Գագոշիձեի այդ հայտարարությանը՝ նրան մեղադրելով խտրական քաղաքականություն վարելու մեջ։ Հայերի միավորման նախագահ Հենրիկ Մուրադյանը հայտարարել է. «Երբ ես լսեցի պարոն Գագոշիձեի արտահայտությունները, շատ զարմացա: Նա պետք է լավ իմանա Վրաստանի պատմությունը: Ես ծնվել են Վրաստանում, իմ բոլոր նախնիները ծնվել եւ մեծացել են այստեղ: Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր ընդհանուր հայրենիքը լավ ապագա ունենա»:
Վրաստանում լույս տեսնող ադրբեջանական թերթերից մեկի խմբագիր Նասիբ Նասիբովը նույնպես հայտարարել է, թե Վրաստանն իր հայրենիքն է համարում: «ԻՀարկե, Վրաստանն իմ հայրենիքն է: Ես, իմ հայրը, պապը եւ ապուպապը միշտ ապրել ենք այստեղ: Ինձ համար անընդունելի է ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչ համարվելը»,- ասել է նա: Իսկ լրագրող Զվիադ Քորիձեի կարծիքով, Գագոշիձեն պետք է ներողություն խնդրեր: « Երբ խոսք է գնում ժամանակակից պետության մասին, անտեղին է խոսել նման դասակարգումների, բնիկ բնակչության եւ այլնի մասին: Եւ նրա հիմնադիրներն են երկրում բնակվող բոլոր քաղաքացիները՝ անկախ ռասայական, ազգային պատկանելությունից եւ հավատից»,- նշել է նա:




























