Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայությունը վերջին ամիսներին իրականացրած ստուգումների արդյունքում զանգվածային խախտումներ է արձանագրել երկրի կառավարության կազմում ընդգրկված գրեթե բոլոր նախարարություններում եւ գերատեսչություններում:
Առանձնապես խոշոր խախտումներ են հայտնաբերվել բնապահպանության ոլորտում: Ինչպես մամուլի ասուլիսում հայտնեց ՎԾ պետ Հովհաննես Հովսեփյանը, մասնավորապես անհամապատասխանությունները վերաբերել են «ռոյալիթի» վճարումներին եւ եկամտահարկին: «Եթե որպես հիմք վերցնենք „ռոյալիթին“, պետբյուջե չի վճարվել մոտ 1 մլրդ դրամ, իսկ եկամտահարկի մասով չի վճարվել մոտ 300 մլն դրամ»,- նկատեց Հովսեփյանը: Զանգվածային խախտումներ են արձանագրվել հանքավայրերի շահագործման կոնցեսիոն արտոնագրերի տրամադրման մասով:
Այսպես, արտոնագրեր են տրվել այն տնտեսվարողներին, որոնք նախկինում չէին կարողանում գլուխ հանել պարտավորություններից: 10 հանքավայրերի իրավունք տրամադրելու համար, օրենսդրական բացթողումների պատճառով, բյուջե չի մուծվել մոտ 500 մլն դրամ: Իսկ որոշ շահագործողների գործունեության պատճառով պետությանը հասցվել է մի քանի մլրդ դրամի վնաս: Հանքավայրերի շահագործման համար պատասխանատու մարմինները 247 մլն-ի փոխարեն գանձել են 130 մլն: Եւս 600 մլն դրամ չի գանձվել արտոնագրային վճարների մասով:
Ընդ որում, Հովսեփյանը նկատեց, որ Բնապահպանության նախարարության լիազորությունների մի մասը էներգետիկայի նախարարությանը փոխանցելու արդյունքում խախտումները բավականին նվազել են:




























