Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ջանքերով խոշոր խախտումներ են արձանագրվել նոտարների գործունեության մեջ, արդյունքում նրանցից 10-ը ենթարկվել են պատժի: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՎԾ պետ Հովհաննես Հովսեփյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ նոտարներ իրենց գործունեության մեջ պարզապես չեն հետեւել օրենքի տառին, տեղեկանքներ են տրամադրել առանց համապատասխան փաստաթղթերի: Օրինակ, առանց ավագանիների որոշման՝ օտարվել են համայնքային նշանակության 150 տարածքներ:

Խախտումներ են արձանագրվել հսկիչ-դրամարկղային մեքենաների օգտագործման ոլորտում: Այսպես, Հովսեփյանի խոսքով, բացարձակապես հսկողություն չկա զվարճանքի վայրերում, դեղատներում, պարենային եւ բժշկական օբյեկտներում: Նա հավաստիացրեց, որ ՎԾ-ն խստացրել է հսկողությունն այդ ոլորտում:

Զբաղվածության ոլորտում եւս խախտումներ են գրանցվել: Այսպես, հայտնաբերվել է, որ թաքնված զբաղվածության մակարդակը Հայաստանում կազմում է 29 տոկոս, որի 11 տոկոսը հաջողվել է արձանագրել եւ հաստատել: Հովսեփյանի խոսքով, պետությանը մեծ վնաս է հասցվում ձեռնարկությունների՝ հաշմանդամների, միայնակ ծերունիների եւ ընդհանրապես «բոմժերի» անունով գրանցելու մեքենայությունների պատճառով: Այդ ամենն արվում է հարկերից խուսափելու համար: Բոլոր այդ դեպքերով քր.գործեր են հարուցվել, բայց ձեռնարկությունների իրական տերերը չեն հայտնաբերվել:

Հովսեփյանը բավարարված չէ նաեւ Ճանապարհային ոստիկանության գործունեությամբ: Այսպես, մինչեւ սեպտեմբեր ՃՈ-ն մեքենաների տեխզննումից խուսափելու միայն երեք ակտ է կազմել, իսկ երբ ՎԾ-ն ստուգումներ է սկսել, մի քանի ամսում այդ թիվը հասել է 150-ի: Ստուգումների արդյունքում 17 ճանապարհային ոստիկաններ պատժվել են: Ի դեպ, խախտումներ են արձանագրվել նաեւ «ոսկե» համարանիշների տրամադրման գործընթացում:

Խախտումներ են արձանագրվել արտակարգ իրավիճակների նախարարությունում: 320 հազար օբյեկտներից վարչական պատասխանատվության են ենթարկվել միայն 120-ը, այն էլ նվազագույն պատիժների, մինչդեռ անգամ ԱԻՆ տեսուչներն այդ օբյեկտներում տասնյակ խախտումներ են գրանցել: Դադարեցվել է ընդամենը երեքի գործունեությունը, բայց ըստ փաստաթղթերի՝ դրանք պետք է լինեին հազարից ավելի: Ըստ Հովսեփյանի՝ հանրային օբյեկտների անվտանգության հարցը հատկապես հրատապ է Ռուսաստանի Պերմ քաղաքում վերջին հրդեհից հետո:

105 հաստատություններից իրենց նպատակին օգտագործվում էին 70-ը, ստուգումներից հետո այդ թիվն ավելացավ եւս 15-ով:

Ըստ ՎԾ ղեկավարի՝ բացահայտված խախտումները անպատիժ չեն մնալու: