Եվրոպական կառույցներում հրաշալի գիտեն, որ Ադրբեջանը համառորեն խոչընդոտում է համագործակցության որեւէ ձեւաչափ, եւ այդ պատճառով էլ սկսել են Հարավային Կովկասի երեք երկրներին հավասարապես չդիտարկել, այլ դիտարկել նրանց կատարած քայլերը: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նա հայտնեց, որ ազերիները խոչընդոտներ են հարուցում նաեւ «Արեւելյան գործընկերության» խրհրդարանական «Եվրանեսթ» ձեւաչափում: Նշենք, որ այդ նոր եվրոպական կառույցը բաղկացած է լինելու 120 պատգամավորներից, 60-՝ը Եվրամիության անդամներից, 60-ը «Արեւելյան գործընկերության» 6 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա: Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը, թե «Եվրանեսթում» մեզ համար ընդունելի չի լինի, եթե քննարկվեն տարածաշրջանային հակամարտություններ": «Քննարկումները բավական դժվար են ընթանում: Ադրբեջանցիներին պաշտպանում են նաեւ ՎՈՒԱՄ երկրները, թե պետք է քննարկվեն նաեւ տարածաշրջանային հակամարտությունները»,- նշեց Զոհրաբյանը եւ հավելեց, թե դրական է, որ եվրոպական կառույցներն այժմ Հարավային Կովկասի երկրներին չեն դիտարկում որպես մեկ միասնական միավոր եւ չեն փորձում պարիտետային պահանջներ ներկայացնել: «Ասոցիացման բանակցություններում, որ սկսվել են, պայմանն այն է, որ համաձայնագիրը չի կարող կնքվել բոլորի հետ միաժամանակ, այլ կախված է յուրաքանչյուր երկրի քայլերի արագությունից, երկրի տրամադրվածությունից»,- նկատեց պատգամավորը:



























