Ցխինվալիում տեղակայված ռուսական զորամասի ռուս զինվոր Վիտալի Խրիպունի դեպի Վրաստան փախուստի պատճառը «քաղաքական նկատառումներն» են: Այս մասին Խրիպունը հայտնել է դեկտեմբերի 21-ին վրացական «Ռուսթավի-2» հեռուստատեսության եթերում: Հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
Ավելի վաղ 25-ամյա ենթասպան հայտարարել էր, որ դասալքության պատճառը «ռուսական բանակում ծառայության անտանելի պայմաններն են եղել», թեեւ Հարավային Օսիա էր տեղափոխվել ընդամենը մի քանի օր առաջ: Նա նաեւ նշել է, որ ամբողջությամբ գիտակցում է, որ մոտ ապագայում չի կարող վերադառնալ Ռուսաստան, քանի որ հայրենիքում իրենով «անմիջապես կզբաղվեն հատուկ ծառայությունները»:
Միաժամանակ, ինչպես այսօր գրում է ռուսական «Կոմերսանտ»-ը, Վրաստանի փախստականների եւ վերաբնակեցման հարցերով նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը, որ եւս մեկ ռուս զինծառայող քաղաքական ապաստան է խնդրել Վրաստանում: Նախարարության ներկայացուցիչ Իրակլի Կոկայայի խոսքով, քաղաքական փախստականի կարգավիճակ տրամադրելու որոշումը կկայացվի առաջիկա 4 ամսում:




























