Պատգամավոր Վարդան Խաչատրյանը իրավաբանորեն «Ժառանգություն» խմբակցության անդամ է, սակայն չի մասնակցում խմբակցության աշխատանքներին: Այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ դեկտեմբերի 22-ին պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նշենք, որ խմբակցությունն այսօր ներկայացնում էր 2009թ. գործունեության հաշվետվությունը, որտեղ նշված չէր Վարդան Խաչատրյանի անունը:

«Իրավաբանորեն նա խմբակցության անդամ է, եւ կարծում եմ՝ Վարդան Խաչատրյանն ինքը պիտի ներկայացնի իր գործունեության հաշվետվությունը: Պարզապես մենք նախապես բոլոր պատգամավորների օգնականներին տվել ենք հանձնարարություն: Տեղյակ է եղել նաեւ նրա օգնականը, բայց սահմանված ժամկետում չի ներկայացրել»,- նշեց Սաֆարյանը եւ հավելեց, որ Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության նիստերին, բայց տեղեկացվում է նիստերի աշխատանքներին մասին:

Հիշեցնենք, որ Վարդան Խաչատրյանին հեռացրել էին «Ժառանգություն» կուսակցությունից, բայց նա շարունակում է մնալ խմբակցության պատգամավոր: