2009թ. Հայաստանում արդյունահանվել է ոսկու 133 տոննա խտանյութ՝ 2008թ. 131 տոննայի փոխարեն: Այդ մասին դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Նա նաեւ նշել է, որ ընթացիկ տարում պղնձի խտանյութի արդյունահանումը կազմել է 90 հազար տոննա՝ 2008թ. 72 հազար տոննայի փոխարեն: Մոլիբդենի արդյունահանման ծավալները կազմել են 8,862 տոննա՝ 2008թ. 8,3 տոննայի փոխարեն: Ցինկի խտանյութի ծավալները կրճատվել են՝ 2008թ. 7400 տոննայի փոխարեն կազմելով 6200 տոննա: Նախարարն ընդգծել է, որ տարեսկզբից լեռնահանքային արդյունաբերությունը ճգնաժամի պատճառով համարյա կանգնել էր, սակայն այժմ իր ցուցանիշներով ոլորտը հասել է 2008թ. ցուցանիշներին:

Արմեն Մովսիսյանը նշել է նաեւ, որ ոլորտի գործունեության կարգավորման համար անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններ կատարել, հրապուրիչ պայմաններ ստեղծել ներդրողների համար, եւ այդժամ ոլորտը կզարգանա: «Մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ Հայաստանից արտահանվի ոչ թե 90 հազար տոննա պնղձի խտանյութ, այլ 30 հազար տոննա պղինձ, անգամ պղինձ էլ չէ, պղնձե ապրանքներ: Այդ ժամանակ էլ կկարողանանք խոսել առաջընթացի մասին»,- նկատել է նախարարը: Նա նշել է նաեւ, որ Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում խախտումների հեղինակները պատժվելու են:

Հիշեցնենք, որ վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հայտարարել էր, թե ոլորտը բնապահպանության նախարարությունից էներգետիկայի նախարարությանը հանձնելով՝ վիճակը բավական լավացել է, իսկ խախտումները նվազել են: