Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել, թե ում է սատարելու Վանաձորում կայանալիք ՏԻՄ ըննտրություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ պետք է ուսումնասիրվի, հարցումների միջոցով հաշվի առնվի ժողովրդի կարծիքը եւ ճիշտ ընտրություն կատարվի:

Հարցին, թե շրջանառվող անուններից ով կկարողանա լավ ղեկավարել քաղաքը, պատգամավորը  պատասխանեց. «Ով կվաստակի հանրության վստահությունը»: 

«Ինձ թվում է, որ վերջին ընտրություններին ՀՀԿ-ի հավաքած քվեները խոստումնալից են, պարզապես միայն ՀՀԿ-ի քվեներ չէ, որ պետք է որոշի այդ ամենը, նաեւ թեկնածուի անձն է: Վանաձորը սպեցիֆիկ եւ փոքր քաղաք է, բոլորը ճանաչում են իրենց քաղաքացիներին, թեկնածուներին»,- ասաց նա` ի պատասխան մեր հարցին, թե ՀՀԿ-ին կհաջողվի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին հաղթանակ տանել:

Անդրադառնալով շրջանառվող թեկնածուների անուններին` նա նշեց, որ ցանկացած ընտրությունից առաջ բազմաթիվ, մի քանի տասնյակ անուններ են հնչում, բայց երբ վերջում, երբ պետք է արձանագրվի թեկնածուների քանակը, բավականին քիչ են լինում:

Խոսելով Վանաձորի ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբիյանի մասին`  պատգամավորն ասաց, որ նա բավականին փորձառու է, երկար տարիներ աշխատել է, բայց Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէ` քաղաքապետը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ: ԱԺ պատգամավորը նշեց, որ ամեն մի թեկնածուի մասին ինքը ունի ձեւավորված կարծիք, որը պատրաստ է արտահայտել եւ եթե որեւէ թեկնածուի մասին կան հակասական կարծիքներ, ապա կուսակցականը պետք է քննարկման ժամանակ հայտնի իր կարծիքը, իսկ երբ կայացվում է որոշում, ապա պետք է ենթարկվել դրան: Կսատարի Վահրամ Բաղդասարյանը գործող քաղաքապետին, թե ոչ` կախված է կուսակցության որոշումից. «Եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի, ես պարտավոր եմ ենթարկվելու կուսակցությանը, ես առաջին անգամ եմ կուսակցական իմ կյանքի ընթացքում, դժվար եմ ադապտացվում, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր կուսակցական պետք է կարողանա իր կարծիքը տեղ հասցնել մինչ թեկնածուի առաջադրումը, իսկ երբ կայացվում է որոշում, պետք է  ենթարկվել դրան»,- ասաց նա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ `այս անգամ ՀՀԿ-ն չի աջակցելու Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածությանը, որն, ի դեպ, քաղաքը ղեկավարում է 1999-ից: «Փոխարենը ՀՀԿ-ն ցանկանում է քաղաքապետի աթոռը փոխանցել նրա եղբորորդուն` Արման Դարբինյանին` Քաղցրիկ մականվամբ: Քաղաքապետ դառնալու ցանկություն ունի նաև «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը: Քաղաքապետի աթոռի համար, որոշ տեղեկություններով, ուժերն է ցանկանում փորձել նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Վանեսյանը»,- գրել էր թերթերից մեկը: