Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի աչքը շղթայի հարվածով վնասած ենթասպա Արմեն Թովմասյանին Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկմամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից:
Նշենք, որ այդ հոդվածով առավելագույն պատիժը 7 տարի էր: Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ վերջինս հանդիսանալով թիվ N զորամասի ճաշարանի պետ-խոհարար հրահանգիչ, 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել է նույն զորամասի ինժեներա-սակրավորական վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ քաշել նրան եւ հայհոյելով իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով աջ աչքի ծանր մարմնական վնասվածք:
Նշենք նաեւ, որ 26-ամյա Արմեն Թովմասյանն ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած է եւ խնամքին ունի 2 երեխա` 1 տարեկան եւ 3 ամսական, նախկինում դատված չի եղել: Սույն գործով կալանքի տակ է 2011-ի դեկտեմբերի 16-ից: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ 375-րդ հոդվածի 1-ին մասով եւ իրեն մեղավոր է ճանաչել:
Նարեկ Ավետիսյանի ընտանիքը տեղյակ չէր դատավճռի մասին: Նարեկի մայրը` Աննա Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցված տեղեկությունից անակնկալի եկավ եւ նշեց. «Նիստին ներկա չենք եղել, ճիշտն ասած դատավճիռն էլ չենք ստացել եւ տեղեկություններ չունենք»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով 2011-ի դեկտեմբերի 17-ին ենթասպա Արմեն Թովմասյանի շղթայի հարվածից «Եղնիկների» զորամասում կորցրել է աչքը, վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցներից է տեղեկացել, որ այլեւս աչքի տեսողությունը չի վերականգնվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Հակոբյանը եւ ավելացրեց, որ դրանից հետո Նարեկն ավելի ինքնամփոփ է դարձել: 18-ամյա Նարեկն ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջը: Իսկ վերը նշված միջադեպից հետո ազատվել է ծառայությունից, քանի որ ստացված հարվածից հետո Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում հեռացվել է շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը:Այսինքն` վիրահատության արդյունքում ընդամենը աչքի արտաքին տեսքն են վերականգնել, իսկ տեսողությունը չի կարող վերականգնվել:



























